Story Photo

Together4Armenia-ի մասնագետի օգնությամբ Տավուշի մարզի փոքրիկները հաղթահարում են հաղորդակցության արգելքները

Մանկության առաջին մի քանի տարիները որոշիչ են հետագա կյանքի համար: Շփման միջոցով երեխան զարգանում է, գիտելիք ու կյանքի հմտություններ է ձեռք բերում:

Սակայն ոչ բոլոր երեխաներին է դա հեշտությամբ տրվում։ Աուտիզմ ունեցողների համար հաղորդակցությունը բարդ, իսկ հաճախ անլուծելի թվացող խնդիր է:

Տավուշի մարզի հոգեբաններն ու հատուկ մանկավարժներն աուտիզմ ունեցող երեխաների հետ շփման ժամանակ արդեն կիրառում են PECS (Picture Exchange Communication System) մեթոդը։ Սա մի շարք երկրներում լայն տարածում ունեցող, պատկերների միջոցով հաղորդակցման համակարգ է, որը Տավուշի մարզի մասնագետներին ներկայացրել է Together4Armenia-ի հարթակի փորձագետ, խոսքի թերապիայի ամերիկահայ մասնագետ Լիզա Իսկիկյանը:

«Այս մեթոդի օգնությամբ երեխան ոչ թե միանգամից խոսում է, այլ հաղթահարում է արտահայտվելու կաշկանդվածությունը, թեկուզ և սկզբում ոչ բառերի միջոցով»,- ներկայացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնի տնօրեն Արմինե Առաքելյանը՝ ավելացնելով, որ Լիզայի օգնությամբ իրենք ԱՄՆ-ից ստացել են մեթոդի համար նախատեսված քարտադարաններ։

Հատուկ մանկավարժ Մելինե Գալստյանը նույնպես տպավորված է մեթոդի կիրառման արդյունքներից։

«Աուտիզմ ունեցող երեխաների խոսքը կամ կցկտուր է կամ ընդհանրապես բացակայում է»,- պատմում է Մելինեն և հավելում,- «մեթոդը մի քանի փուլից է բաղկացած, և թեև միշտ չէ, որ հաջողվում է վերականգնել խոսքային շփումը, գոնե ոչ խոսքային մակարդակով երեխաների մոտ առաջընթացն ակնհայտ է»։

Together4Armenia-ի հրավերով Լիզա Իսկիկյանը դեռևս 2016թ.-ին երկու գործնական հանդիպում է ունեցել Վանաձորում և Իջևանում, որին մասնակցել են ավելի քան 30 հոգեբաններ, լոգոպեդներ, ուսուցչի օգնականներ և հատուկ մանկավարժներ մերձակա մի շարք բնակավայրերից:

«Հետաքրքրությունը մեծ էր, նկատվում էր, որ լսարանն ուզում է ավելին իմանալ»,- նշում է Լիզան՝ ընդգծելով, որ կապը հայաստանյան մասնագետների հետ շարունակվում է ժամանակ առ ժամանակ մասնագիտական խորհրդատվության տեսքով։

Աուտիզմից և հաղորդակցության խնդիրներից խուսափել հնարավոր չէ, կանխելը` դեռևս քիչ հավանական, սակայն յուրաքանչյուր երեխայի զարգացման համար հավասար հնարավորություններ ստեղծելը հասարակության պարտքն է։

Նմանատիպ և այլ նախաձեռնություններում սփյուռքի մասնագետների գիտելիքն ու փորձը կարևոր են. դա համախմբում է աշխարհասփյուռ հայությանը մեկ ընդհանուր առաքելության՝ հայրենիքի հավասարաչափ զարգացման շուրջ:

Արդեն երեք տարի է, ինչ Together4Armenia հարթակը ձեռնամուխ է եղել այս կարևոր առաքելության իրականացմանը: Միացե՛ք մասնագետների ցանցին և կիսե՛ք ձեր փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայաստանի համայնքների զարգացմանը:

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: