Story Photo

Together4Armenia-ի փորձագետն օգնում է լոռեցի կանանց նոր գործ սկսել

Մեր օրերում մարզերում աշխատանք գտնելը հեշտ բան չէ անգամ փորձառու մասնագետների համար։ Սովորել նոր մասնագիտություն և դրանով գործ սկսել հատկապես բարդ է, երբ ունես սոցիալական խնդիրներ։

Չնայած այդ դժվարություններին` Լոռու մարզում մի խումբ կանայք «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ որոշել են Սպիտակում հիմնել սոցիալական ձեռնարկություն, որը զբաղվելու է մարզի բնական բարիքների վերամշակմամբ. այստեղ կանայք պատրաստելու են բնական յուղեր ինչպես սննդի, այնպես էլ օծանելիքի համար։

Սոցիալական ձեռնարկության մասին պատմում է կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը,-«Մենք ծրագրում ենք հիմնել ՍՊԸ, որը կգործի որպես սոցիալական ձեռնարկություն։ Նրանում ներգրավված կլինեն լոռեցի կանայք, ովքեր կզբաղվեն հումքի վերամշակմամբ, իսկ մի խումբ այլ կանայք կհավաքեն խոտաբույսեր Լոռվա սարերից և անտառներից և կվաճառեն մեզ։ Ստացված յուղը կփաթեթավորենք և կուղարկենք վաճառքի: Սա հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել մեր մարզի կանանց համար՝ բարելավելով նրանց սոցիալական վիճակն ու նպաստելով ֆինանսական անկախությանը»։

Սոցիալական ձեռնարկություն հիմնելու գաղափարը լոռեցի կանանց մոտ ծնվեց սիրիահայ փորձագետ Շանթ Խալալյանի՝ Together4Armenia նախաձեռնության շրջանակում մարզում օճառագործության վերաբերյալ սեմինարի արդյունքում:

Together4Armenia հարթակն արդեն մի քանի տարի է, ինչ հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին փոխանցելու իրենց գիտելիքն ու հմտությունները Հայաստանի համայնքներին՝ առկա կարիքներին համապատասխան անմիջական մասնակցություն ունենալով նրանց զարգացմանը:

«Երբ տեսնում եմ մարդկանց աչքերում հույս, հոգեկան խաղաղություն եմ զգում»,-ասում է Շանթը, ով հաճույքով է կիսվում օճառագործության և յուղերի արտադրության գաղտնիքներով:

Շանթը սեփական փորձից գիտի՝ որքան դժվար է աշխատանք գտնել: 2013թ.-ին Հալեպից Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր գործերով է զբաղվել. աշխատել է տաքսու վարորդ, համալսարաններում մենեջմենթ է դասավանդել, զբոսաշրջիկների հետ է աշխատել, ապա որոշել է սիրելի գործով զբաղվել՝ օճառագործությամբ, որի գաղտնիքները սովորել է տատիկից:

Որպես Together4Armenia-ի փորձագետ՝ Շանթն արդեն հասցրել է լինել Հայաստանի մի շարք քաղաքներում՝ օճառագործության վերաբերյալ իր գիտելիքն ու հմտությունները փոխանցելով ավելի քան 500 շահառուի:

Սպիտակում Շանթն արդեն երկու սեմինար է ունեցել: Առաջին դասախոսություն-գործնական պարապմունքը եղել է 2018թ.-ի մարտին, որի ժամանակ խոսվել է օճառի որակների, պատրաստման եղանակների և տեխնոլոգիաների մասին։ Սեմինարին մասնակցել են «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կին շահառուներ՝ մոտ 20 հոգի, ովքեր հիմնականում սոցիալապես դժվար կացության մեջ էին գտնվում:

«Դասընթացն ունեցել է նաև գործնական մաս, որի ժամանակ մասնակիցներն իրենց կյանքում առաջին անգամ սեփական ձեռքերով պատրաստել են օճառ»,- պատմում է
Together4Armenia-ի Լոռու մարզի համակարգող Անուշ Ասլանյանը:

Փորձագետի հետ երկրորդ հանդիպումը եղել է օգոստոսին, որին մասնակցել է 15 կին շահառու. նրանց մեծ մասը մասնակցել էին նաև նախորդ հանդիպմանը: Գործնական սեմինարի ընթացքում Շանթը կենտրոնացել է բուսական յուղերի արտադրության տեխնոլոգիաների վրա։

Միջոցառման մասնակիցներն այնքան ոգևորված էին, որ, Շանթի խոստովանությամբ, ինքը նախատեսվածից մի քանի ժամ ավել է մնացել Սպիտակում։

Ծրագիրն առաջնային նշանակություն կունենա համայնքի կանանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Արդյունքում նախատեսվում է, որ մոտ հիսուն կին աշխատանք կունենա:

Սոցիալական ձեռնարկության ողջ գործունեության ընթացքում Շանթը խորհրդատվություն կտրամադրի ՀԿ-ի շահառուներին և կվերահսկի հումքի վերամշակման ընթացքը:

Հուսանք, որ մոտ ապագայում Երևանի և այլ քաղաքների խանութներից կկարողանանք ձեռք բերել բնական յուղեր` ստացված Հայաստանի լեռնային մարգագետիններից և պատրաստված լոռեցի կանանց ձեռքով։

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: