Story Photo

Արգենտինահայ Թամար Էկսերիցյանը խորհուրդներ է տալիս աշակերտներին և Հույսի կամուրջ ՀԿ-ի գործող հոգեբաններին Իջևանում

Ես Թամար Էկսերիցյանն եմ՝ կրթական հոգեբան Արգենտինայից։ Արդեն երկու ամիս է, ինչ ապրում եմ Հայաստանում և որպես փորձնակ աշխատում ՅՈւՆԻՍԵՖ-ում։

2016 թվականի մարտի 14-ին այցելեցի «Հույսի կամուրջ» ՀԿ-ի գրասենյակը Իջևանում։ Այցիս հիմնական նպատակն էր դասընթաց անցկացնել հոգեբանների, հատուկ մանկավարժների, դպրոցի հոգեբանների, գործող հոգեբանների համար, որոնք աշխատում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների, հոգեբանության ուսանողների և այլ խմբերի հետ մարզում։ Դասընթացը հույզերի և ուսուցման միջև կապի մասին էր։ Այն պատրաստվել էր «Միասին Հայաստանի համար» հարթակի շրջանակներում, որը Սփյուռքի ավելի լայն ներգրավմանը նպատակաուղղված նախաձեռնություն է՝ աջակցելու խոցելի երեխաներին և համայնքների զարգացմանը Հայաստանում։

Ես ուրախ էի մասնակցելուս համար, որովհետև կարծում եմ, որ Հայաստանն ու Սփյուռքը ամբողջի երկու անբաժանելի մասերն են։ Երկուսս էլ պատասխանատու ենք, և սա ստիպում է մեզ միավորել մեր ջանքերը։ Ես իրոք հավատում եմ, որ կրթությունը բանալի է՝ բաց անելու և խթանելու մեր երկրի ճշմարիտ ներուժն ու զարգացումը։

Հաշմանդամություն ունեցող երեխաները պատկանում են Հայաստանում առավել խոցելի խմբերի թվին։ Նրանց հաճախ հասու և մատչելի չեն առողջապահական ու վերականգնողական, կրթական ու սոցիալական պաշտպանության  ծառայությունները։ 2014 թվականին Հայաստանը վավերացրեց մի նոր օրենք կրթության մասին, որի համաձայն մինչև 2025 թվականը հանրակրթության ամբողջ համակարգն աստիճանաբար պետք է դառնա ներառական, ինչը նշանակում է վերափոխման գործընթաց հատուկ դպրոցների համար, ներառական դպրոցների թվի մեծացում՝ տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին այդքան երկար սպասված հնարավորություն՝ ստանալ որակյալ կրթություն իրենց հաշմանդամություն չունեցող հասակակիցների հետ։ Գիտեմ, որ մեծ աշխատանք է արվում Հայաստանում այս նպատակին հասնելու համար։ Կարծում եմ, որ սրան հասնելու հիմնական քայլերից մեկը մասնագետների վերապատրաստումն է ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքի տեսանկյունից։ Համարում եմ, որ խիստ կարևոր է աշխատել ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև երկրի տարբեր մարզերի մասնագետների հետ։

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: