Story Photo

Հարցազրույց հայրենադարձ Լիզա (Կիրակոսյան) Իսկիկյանի հետ

Սիրելի Լիզա, խնդրում եմ մի փոքր պատմեք ձեր անձնական ու մասնագիտական կենսագրությունից։

Ծնվել ու մեծացել եմ Ռոդ Այլենդում (Միացյալ Նահանգներում)։ Ուելսլի քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվեցի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքը։ Մասնագիտական փորձս սկսեցի Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի մի լաբորատորիայում, որտեղ անցկացնում էինք կլինիկական հետազոտություններ մետամֆիտամինից կախվածության բնագավառում, իսկ այնուհետև տեղափոխվեցի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (USC)։ Այնտեղ մենք հետազոտում էինք ծխախոտի նկատմամբ հակումը։ 2010 թվականին տեղափոխվեցի խոսքալեզվային պաթոլոգիայի բնագավառ – սկբում ավարտեցի մի քանի նախամագիստրոսական կուրսեր նախքան մագիստրոսական ծրագրի համար դիմելը։ Մագիստրատուրան ավարտեցի 2014 թվականին և, այնուհետև, որպես խոսքալեզվային ախտաբան աշխատեցի տարրական դպրոցում։ Իմ հսկողության տակ գտնվում էին միջին և խիստ ծանրության հաշմանդամություն ունեցող աշակերտներ, այդ թվում աուտիզմով և մտավոր հաշմանդամությամբ տառապող, և բարձր ֆունկցոնալության աուտիզմ, արտասանության, սահունության և (կամ) լեզվական այլ թերություններ ունեցող աշակերտներ։

Ի՞նչ տպավորություն ստացաք Հայաստանից ու մարզերից, երբ Հայաստան այցելեցիք ամենաառաջին անգամ։

Ամենաառաջին այցելությունս Հայաստան 2004 թվականի ամռանն էր, երբ որպես կամավոր միացա «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրին։ Ես այնքան սիրեցի Հայաստանը, որ ինքս ինձանից սրտնեղեցի մինչև այդ Հայաստանը տեսնելու անցյալ հնարավորությունները բաց թողնելու համար։ Մի քանի անգամ այստեղ գալու հնարավորություն ունեցել էի մայրիկիս հետ, ով շատ տարիներ Հայաստանում կամավորական աշխատանք է արել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների բնագավառում։ 20 տարեկանի իմ աչքերով Երևանը տեսա որպես հետաքրքիր ու «հեշտ նավարկելի» քաղաք։ Ինձ հաճույք էր պատճառում առավոտյան ոտքով աշխատանքի գնալը, ընկերներիս հետ մի բնակարանում ապրելը, ամեն անգամ մի նոր ռեստորան հայտնագործելն ու գիշերային կյանքին հաղորդակցվելն այս քաղաքում։ Ունեցա նաև մարզերը գնալու հնարավորություն, այդ թվում նաև աշխատանքիս բերումով Հայ ակնաբուժության նախագծի հետ (AECP, որտեղ աշխատում էի որպես փորձնակ)։ Եվ այսպես, ես երկու ամսվա անմոռանալի ծանոթություն ունեցա Հայաստանի հետ։

Արդյոք որևէ բան փոխվե՞ց ձեր մեջ, երբ ետ վերադարձաք Միացյալ Նահանգներ։ Շարունակո՞ւմ էիք կապ պահպանել ընկերների ու գործընկերների հետ։

Այո, Հայաստան կատարած առաջին այցելությունիցս հետո կապ էի պահպանում «Դեպի Հայք»-ի և Հայ ակնաբուժության նախագծի իմ նոր ընկերների ու գործընկերների հետ։ Հաջորդ այցելությունս 2013 թվականին էր, թեև ընդամենը 10 օրով։ Տեր աստված … Երևանն այնքան էր փոխվել 2004 թվականի հետ համեմատած։ Կարծես զբոսաշրջիկ լինեի այստեղ։ Իսկ հետո, 2013 թվականից սկսած, մտքիս անիվն սկսեց պտտվել։ Ինձ համակել էր գործելու և կամավորական աշխատանք անելու նյարդային եռանդ, և հոգուս խորքում շարունակում էի մտածել այն Հայաստանում գործադրելու մասին։ Հայաստան վերադարձա 2015 թվականին, այս անգամ ամուսնուս հետ ընդամենը 3 օրով՝ մեր մեղրամսի ավարտին։ Այնպիսի զգացում ունեի, ասես մի բան սկսել էր փոխվել՝ գլխումս անդադար պտտվող մտքերն ու հոգումս տիրող զգացմունքներն սկսում էին որոշակիանալ։ Չափազանց կարճ թվաց այդ ժամանակը Հայաստանում գտնվելու համար՝ միայն համը բերանում մնաց։ Ի վերջո, իմ երեքշաբաթյա այցելությունը 2016 թվականին որպես «Միասին Հայաստանի համար» ծրագրի կամավոր զգալի կերպով ազդեց Հայաստան տեղափոխվելու մասին իմ որոշման վրա։

Ինչպե՞ս իմացաք «Միասին Հայաստանի համար» ծրագրի մասին։ Ի՞նչ էիք անում այստեղ և արդյոք շարունակո՞ւմ եք համագործակցել այցելած համայնքներում հանդիպած մարդկանց հետ։ Արդյոք խորհուրդ կտա՞ք մյուսներին դիմելու այդ ծրագրին։ 

Ես այս հնարավորության մասին իմացա խոսակցություններից ու ծանոթներից։ Մոտս առաջացավ մասնակցելու և գիտելիքս ու կարողություններս տեղի համայքների հետ կիսելու մեծ ցանկություն։ Այցելություններս կազմակերպվեցին, իսկ ծրագիրն ինձ տվեց մասնագիտական տեսանկյունից մարզերը տեսնելու հնարավորություն։ Լսարանս բաղկացած էր սոցիալական ներառման, հատուկ կրթության և հաշմանդամության բնագավառների մասնագետներից։ Կապեր հաստատեցի նման մասնագետների հետ «Հույսի կամուրջ» ՀԿ-ից (Տավուշի մարզում) և մի քանի դպրոցի հոգեբանների հետ Լոռու մարզում։ Պրոֆեսիոնալ թարգմանչի հետ աշխատելն իմ ներկայացումն ավելի հասանելի դարձրեց լսարանին։ Այս փորձն ինձ համար ոչ միայն պարզ դարձրեց խոսքալեզվային ախտաբանության բնագավառում գիտելիքների անհրաժեշտությունը Հայաստանի մարզերում, այլ նաև նպաստավոր էր մասնագիտական տեսանկյունից։ Ես տեսա, թե այստեղ ինչ է արվում աուտիզմով տառապող աշակերտների համար, և ինչ կառուցվածք ունեն նրանց հետ աշխատող հաստատությունները, ՀԿ-ները, ծրագրերը։ Հետս որոշ ցուցադրական նյութեր էի բերել խոսքի թերապիայի վերաբերյալ, և դրանք ոչ միայն ավելի պատկերավոր դարձրեցին ներկայացումս, այլ նաև հաճույքով ընդունվեցին լսարանի կողմից։ Դրանց թվում էին հաղորդակցության խթանման համար կիրառվող տախտակներն ու նկարների փոխանակման հաղորդակցման համակարգի (PECS) մասերը։ Դրանք պատրաստելու համար համեմատաբար ժամանակատար ու բավական թանկ են ԱՄՆ-ում, այնպես որ ուրախ էի, որ ինչ-որ բան կարող եմ տալ իրենց գործին նվիրված այդ մասնագետներին։ Հետս կապվեցին նաև ուրիշ խմբերի գործընկերներիցս մի քանիսը, որոնք կցանկանային համագործակցել ապագա ծրագրերի շուրջ։

Ի՞նչ եք կարծում, աշխատանքային որ բնագավառներում կկարողանայիք ներգրավվել։ Ի՞նչ եք կարծում, ձեր կարողություններն ինչպես են կարող նպաստել Հայաստանի առանձին համայնքների զարգացմանը հետագայում։

Պատկերացնում եմ, որ կարող եմ աշխատել մի շարք տարբեր միջավայրերում։ Մտածում եմ, որ խոսքային թերապիայի բնագավառում իմ հմտությունները կարող են անմիջականորեն կիրառվել, օրինակ, բուժման, գնահատման և միջամտման իրականացման համար։ Մեծ ուրախությամբ կօգտվեմ «Միասին Հայաստանի համար» հարթակի շրջանակում որպես մասնագետ աշխատանքը ցանկացած ասպարեզում շարունակելու հնարավորությունից, լինի դա դասընթաց վարելը մարզերում, թե խորհրդատվություն տրամադրելը։ Մեծ հաճույքով կօգտագործեի անգլերեն լեզուն կրողի իմ կարողությունները խոսքի պաթոլոգիայի իմ մասնագիտության հետ զուգակցված, օրինակ, որպես ռեսուրս ծառայեցնելու  ծառայության ոլորտի աշխատողների համար։ Հսկայական հնարավորություն եմ տեսնում սիրիահայերին աշխատանքի մեջ ներգրավելու գործում, նրանք արժեքավոր միջոց են հայ հասարակության համար։ Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի տարբեր հնարավորություններ հայտնաբերելուն այստեղ։

Դեհ, մեր զրույցն ամփոփելու համար, սիրելի Լիզա, ինչպե՞ս վերջնականորեն որոշեցիք տեղափոխվել Հայաստան։

Սա համեմատաբար դյուրին և փոխադարձ որոշում էր ամուսնուս ու իմ միջև։ 2016 թվականի ամռանը Հայաստանից վերադառնալուց հետո շարունակ մտածում էի Հայաստանի մասին։ Ինչպես ասացի, Հայաստան տեղափոխվելու մասին միտքը արդեն գտնվում էր առաջին պլանում։ Անցյալում, երբ էլ որ ստիպված էի լինում ԱՄՆ վերադառնալ Հայաստանից, կարոտում էի Հայաստանը, բայց, գիտեք, նորից հարմարվում էի իմ նախկին նորմալ կյանքին։ Այս անգամ այդպես էլ չհարմարվեցինք իսկապես։ Ամուսինս ու ես՝ երկուսս էլ սկսել էինք երազել Հայաստանում ապրելու մասին, բայց հազվադեպ էինք այդ քննարկում միմյանց հետ։ Բայց մեկ օր, հոկտեմբեր ամսին, շատ լավ հիշում եմ, երկուշաբթի երեկոյան, աշխատանքից հետո, նստեցինք ու սկսեցինք քննարկել Հայաստան տեղափոխվելու (ու մեր կյանքն այնտեղ ապրելու) հնարավոր դրական ու բացասական կողմերը։ Խոսեցինք ժամանակի մասին, փորձնական շրջանի մասին, հաջողված պատմությունների ու ոչ այնքան հաջող օրինակների մասին, հատուկ նկատառումների ու մասնագիտական հնարավորությունների մասին։ Քննարկեցինք Հայաստանում երեխաներ ունենալու ու մեծացնելու հարցը։ Եվ ի վերջո մտածեցինք․ «Հըմ … սա թվում է, թե իրականություն է դառնալու»։ Ամուսինս հարցազրույց անցավ տարբեր տեղական ու միջազգային ընկերությունների հետ և ստացավ աշխատանքի առաջարկություններ, որոնցից մեկը նա հատկապես ոգևորությամբ ընդունեց։ Ամեն ինչ բավական արագ տեղի ունեցավ։ Մենք տեղափոխվեցինք Երևան 2017 թ. փետրվարին։

Ո՞րն էր ետ վերադառնալու համար որոշիչ գործոնը։

Երբ ետ եմ նայում, կարծում եմ, որ այն հասկանալն էր, որ Հայաստանում հայ լինելը կյանքի բնականոն ձև է, որքան էլ որ սա պարզ թվա։  Իմ տատիկներն ու պապիկները և նրանց նախնիներն ապրել են Արևմտյան Հայաստանում, ինչպես և նրանց ազգականները (որքանով գիտեմ)։ Իմ ընտանիքն ապրում է Ամերիկայում ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Որքան էլ որ սիրում եմ Ամերիկայում ապրելը, Հայաստանում գնալով ավելի շատ եմ ինձ զգում ինչպես տանը։ Հարցն, իհարկե, ավելի բարդ է, քան այս բացատրությունը, բայց սա էլ այն նկարագրելու մի ձև է։   

Շատ շնորհակալություն, սիրելի Լիզա։

Լիզա (Կիրակոսյան) Իսկիկյանն անցկացրել է լեզվախոսքային պաթոլոգիայի վերաբերյալ սեմինար-պարապմունքներ 40-60 մասնագետների համար Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում 2016 թվականի հուլիսի 20-21-ը «Միասին Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում։  

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: